Communiqués

Ապրիլ 24, 2021. Հայ ժողովրդի պայքարը կենսական պահանջ է :

Այս տարի ապրիլի 24-ը առանձնահատուկ ծանր հնչեղություն ունի։ Արցախյան պատերազմը մեզ հիշեցնում է, թե որքան ենք մենք մենակ կայսերապաշտական քաղաքականության և հանցավոր պատերազմների առջև, որոնց նպատակն է հայ ժողովրդի ոչնչացումը։ 19-րդ դարից ի վեր հայ ժողովուրդը իր իսկ հողի վրա ենթարկվում է համակարգված հետապնդումների՝ հարկադրված տեղահանվելով, թագցնելով  իր հայ լինել կամ մահվան կամ հալածանքների ենթարկվելով։ Նահատակված, անհայրենիք, փախստական՝ սա է մեզ բաժին ընկածը։

Հայաստանի տարածքը հետզհետե նվազում է։ 1915-ի ապրիլի 24-ը վերոհիշյալի գագաթնակետն էր։ Այս ամսաթվով են սկիզբ դրվում հայ ժողովրդի դեմ երբևէ տեղի ունեցած ամենամեծ էթնիկ զտումներին։ Այսօր Թուրքիան այլևս չի գոհանում Եղեռնը ժխտելով կամ հարաբերականացնելով։ Այսօր թուրքական ֆաշիստական ռեժիմը փառաբանում և  շարունակում է Հայոց Ցեղասպանության հեղինակաների գործը։ Եթե Եղեռնը հայ ժողովրդի մասսայական ոչնչացման ամենահայտնի դրվագն է, ապա այն միակը չէ։ Մենք չենք կարող մոռանալ Համիդյան ջարդերը, Ադանայի, Շուշիի կոտորածները, Սումգայիթի, Կիրովաբադի (Գանձակ), Բաքվի էթնիկ զտումները և Մարաղայի հայության ողբերգական ճակատագիրը։ Մենք չենք կարող մոռանալ, որ այսօր, Սասունից մինչև Նախիջևան այլևս հայեր չկան։ Հերիք է նայել քարտեզին և պարզ է դառնում թե ինչպես են հայերն անհետացել հազարամյակներով իրենց պատկանող հողերի երեսից։

2020-ի պատերազմը այդ ցեղասպան տրամաբանության շարունակությունն էր։ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները՝ ընդդեմ քաղաքացիական օբյեկտների, կրում էին առօրյա բնույթ։ Հադրութում, Թալիշում, Կարմիր շուկայում և Թաղավարտում քաղաքացիական անձինք էին սպանվում։ Մենք այստեղ գործ չունեինք  պատերազմական փոխադարձ հարվածների հետ, այլ գործ ունեինք հարյուր տարուց ավել տևող, թուրք-ազերական պետությունների շարունակական հայատյաց քաղաքականության հետ։ Այս պատերազմը բազում վերքեր բացեց։ 2020-ի պատերազմի ընթացքում հայերի նահանջը, փախստականների անելանելի վիճակը, միջազգային հանրության աջակցության կատարյալ բացակայությունը  հայ ազգին հիշեցրեցին 1915 թվականը ։

Մարտական գործողությունների դադարը պետք չէ ընդունել իբրև տևական խաղաղության հաստատում։ Արդեն մեկ դար է, նրանք ովքեր ուզում են տիրանալ մեր հողերին, հետևողական փորձում են մեզ ջնջել աշխարհի երեսից։ Այսօր նրանք արդեն խոսում են Սյունիքի մասին, վաղը կուզեն Երևանը և ողջ Հայաստանը։

Նահանջելը լուծում չէ։ Ֆրանսիայում թուրք ֆաշիստները բազմիցս փորձել են մեզ նվաստացնել։ Մեր դպրոցները, գերեզմանատները, եկեղեցիները, հուշահամալիրները ոտնձգությունների են ենթարկվում Արցախում, Թուրքիայում, նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում, այդ թվում այստեղ՝ Ֆրանսիայում։ Ֆաշիստները և կայսերապաշտները մեզ հանգիստ կթողնեն միայն մեր  վերջնական վերացումից հետո։

Այդ իսկ պատճառով մեր ժողովրդի համար պայքարից բացի այլընտրանք չկա։ Պայքարը այլևս ընտրության հարց չէ։ Հայ ժողովրդի պայքարը կենսական պահանջ է, սեփական գոյության և հետագա գոյատևման միակ հնարավորությունը։ Մեծ տերությունները մեզ ցանկանում են տեսնել հլու և մեզ կերակրել հիշատակով։ Ինչպես 1915-ին նրանք մեզ չեն պաշտպանել, այնպես էլ հիմա չեն պաշտպանելու։ Մենք ինքներս պետք է կազմակերպենք մեր սեփական պաշտպանություն։ Մենք այսօր հաստատում ենք առավել քան երբևէ, որ մեր արժանապատվությունը գին չունի և այն չի ենթարկվի ինչ-որ երկրների բարի մտադրություններին՝ երկրներ, որոնք մեզ ձեռք են մեկնում, բայց զինում  են մեր թշնամուն։

Մենք չպե՛տք է վախենանք, մենք չպե՛տք է լռենք, մենք չպե՛տք է ջնջվենք պանթուրքիզմի առջև։ Մենք պետք է հարկադրենք մեր ասելիքը, մեր իրավունքները և մեր պահանջները։ Արցախի պաշտպանության, ինքնակողմնորոշման և առհասարակ մեր հիմնարար իրավունքների համար մղված պատերազմը ցույց տվեցին, որ հայերն ու հայուհիները գիտեն զենքը ձեռքին պաշտպանվել և դիմադրել իրենց կեղեքիչներին։ Ապրել ազատ կամ մեռնել՝ սա է մեզ հարկադրված ընտրությունը։

Առանց արդարադատության մենք չենք լռելու, ձեռքներս խաչած չենք մնալու և գլուխներս չենք խոնարհելու։ Մենք լսելի ենք դարձնելու մեր ձայնը և պահանջատեր՝ մեր իրավունքներին։ Առանց արդարադատության մեր գոյությունը վտանգված է՝ Արցախյան պատերազմը դրան վառ օրինակ։ Թուրքիան մեզ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նա չի պատրաստվում հարգել մեր իրավունքները։ Իրավունքը, որ գործիք է գերտերությունների ձեռքին, բայց որ այլևս ոչ մի գին չունի երբ խաղաղ բնակչության  վրա են ընկնում առաջին արկերը։ Մենք դա գիտենք, որ ոչ ոք մեզ օգնության չի գա, որ ոչ մի պետություն իր դատարանների դռները մեր առջև չի բացի։ Մեր դիմադրությունը կլինի մեր արդարադատությունը։ Եվ դա այն արդարադատությունն է, որը կդատապարտի 1915-ի ցեղասպանությունը, որը կհատուցի Օսմանյան Կայսրության կողմից պատճառված բոլոր վնասները, որի իրավահաջորդն է Թուրքիան։ Դա այն արդարադատությունն է, որը պետք է թույլ տա Հայաստանի, Արցախի և ամբողջ աշխարհի հայերին ապրել արժանապատվորեն և անվտանգ միջավայրում։ Դա այն արդարադատությունն է, որը մեզ թույլ կտա մտածել մեր ապագայի մասին՝ առանց Ֆաշիստների և իրենց մարտահրավերների։ Բայց այդ ամենի համար պետք է պայքարել, պետք է մեր իրավունքները պահանջել, և վերջիններս ստանալ մեզ ոչնչացնել ցանկացող ցականցած ուժից։

Աբդուլ Համիդից մինչև Իլհամ Ալիև հայ ժողովուրդը դիմադրել է։ Երևանից Ստեփանակերտ՝ անցնելով Բերդաշենով և Շուշիով, հայ ժողովուրդը մարտնչում է, և 1915-ից մինչ այսօր մեր ամեն օրը մեր պատմական հողերի վրա դիմադրության յուրօրինակ մի դրսևորում է։ Լոս Անջելեսից Փարիզ, Բուենոս Այրեսից Ստամբուլ՝ տարագիր հայ ժողովուրդը ոտքի է և միասնական Արցախի և Հայաստանի հայերի հետ։

Պայքար ամեն օր, ամեն տեղ։
Կեցցե՛ պայքարող հայ ժողովուրդը։